Glossaire illustré
des termes d’histoire
de l’architecture appliqués à l’Arménie médiévale

Միջնադարյան
Հայաստանի ճարտարապետության
պատմության եզրերի
պատկերազարդ բառարան

A B C D E F G H I J K L M N O P R S T V Z

Բառարանի մասին

Ճշգրիտ, ստուգված, երբեմն հատուկ ստեղծված եզրերի եւ դրանց պարզ ու հստակ սահմանումների միջոցով բառարանը լուսաբանում է հայ ճարտարապետության բնորոշ գծերը եւ առանձնահատկությունները։

Այն ներկայացնում է բազմաթիվ տարրերի պատմությունը, ծագումն ու զարգացումը դարերի ընթացքում:
Լուսանկարներն ու գծանկարները հնարավոր են դարձնում եզրերի լիարժեք ընկալումը:

Այս բառարանը թույլ է տալիս հասկանալ համալիրների եւ առանձին կառույցների հորինվածքային սկզբունքները:

Այն ներկայացնում է հայ ճարտարապետական հանճարի խիզախ կերտումները, ինչպես օրինակ հովհարաձեւ վեղարը, փնջաձեւ մույթը եւ խորանարդաձեւ խոյակը:

Այն ցույց է տալիս հայ ճարտարապետության զարդային մեծ բազմազանությունը:

Այն լուսաբանում է հայ արվեստի բազմաթիվ փոխանակումները հարեւան եւ հեռավոր մշակույթների հետ:

Տրամադրելով վստահելի եւ ճշգրիտ բառապաշար՝ բառարանը նպատակ ունի հասանելի դարձնել մարդկության ժառանգության կարեւոր էջերից մեկը:

Ժամանակագրություն

Սույն բառարանը նվիրված է միջնադարյան հայ ճարտարապետության եզրերին։ Հայաստանի դեպքում «միջնադար» ասելով նկատի ունենք ուշ անտիկ շրջանից, այսինքն՝ քրիստոնեության ընդունումից (4-րդ դարի սկիզբ) մինչեւ նոր ժամանակները՝ 17-19-րդ դարերն ընկած ընդգրկուն ժամանակաշրջանը:

Սա մոտ մեկ ու կես հազարամյակ տեւած յուրահատուկ ժամանակահատված էր, երբ չնայած բազմաթիվ ցնցումներին, Հայաստանում հասարակական կարգերը պահպանվել են գրեթե անփոփոխ, եւ մշակութային, գեղարվեստական ու մտավորական կյանքն ընթացել է գլխավորապես եկեղեցու հովանու ներքո: