Նախաբան

Սույն բառարանը նվիրված է վաղ քրիստոնեական և միջնադարյան հայ ճարտարապետության եզրերին։ Հայաստանի դեպքում «վաղ քրիստոնեական և միջնադարյան» ասելով նկատի ունենք ուշ անտիկ շրջանից, այսինքն՝ քրիստոնեության ընդունումից (4-րդ դարի սկիզբ) մինչև Նոր ժամանակները՝ 17-19-րդ դարերն ընկած ընդգրկուն ժամանակաշրջանը: Սա մոտ մեկ ու կես հազարամյակ տևած յուրահատուկ ժամանակահատված էր, երբ չնայած բազմաթիվ ցնցումներին, Հայաստանում հասարակական կարգերը պահպանվել են գրեթե անփոփոխ և մշակութային, գեղարվեստական ու մտավորական կյանքն ընթացել է գլխավորապես եկեղեցու հովանու ներքո:

Ճարտարապետությունը՝ հայ արվեստի կարևորագույն ճյուղ

Միջնադարյան հայ արվեստն ընդգրկում է երեք հիմնական ոլորտ.

— ճարտարապետություն, հիմնականում՝ կրոնական, բայց նաև քաղաքացիական ու պաշտպանական, և շինությունների քանդակային հարդարանք,

— մանրանկարչություն (գրքային նկարչություն) և նվազ չափով՝ որմնանկարչություն,

— խաչակիր հուշարձանների և խաչքարի արվեստ:

Ինչ վերաբերում է կիրառական արվեստներին՝ խեցեգործություն, մանածագործություն (հատկապես գորգագործություն), ոսկերչություն (թանկարժեք մետաղների արվեստ), փայտի արվեստ և այլն, այստեղ նույնպես հայ վարպետները ստեղծել են բարձրարժեք գործեր, սակայն դրանք, ավերածությունների ու հափշտակությունների արդյունքում սակավաթիվ պահպանված լինելու պատճառով համեմատաբար երկրորդական տեղ են զբաղեցնում։

Այս աշխատությունն անդրադառնում է վերոնշյալ երեք կարևորագույն ոլորտներից մեկին՝ ճարտարապետությանը։ Այն ունի խորհրդանշական մեծ արժեք և բացառիկ համբավ, որովհետեւ թերևս հենց այստեղ է լավագույնս դրսևորվել հայի ստեղծագործ հանճարը։ Հայ ճարտարապետությունը ստեղծել է տպավորիչ քանակությամբ բարձրարժեք հուշարձաններ՝ ճանաչելի իրենց տեխնիկական և գեղագիտական ինքնատիպ լեզվով։ Ահա թե ինչու այն կարևոր տեղ է զբաղեցնում համաշխարհային արվեստի պատմության մեջ և մարդկության համընդհանուր ժառանգության անբաժանելի ու թանկ մասն է։

Եզրաբանական խնդիրները լուրջ խոչընդոտ են

Սակայն հայ ճարտարապետությունն ուսումնասիրելու և նկարագրելու համար կիրառվող բառապաշարը հաճախ դժվար ըմբռնելի է և յուրահատուկ, քանի որ շատ դեպքերում վերաբերում է միայն այդ արվեստին բնորոշ տարրերի: Թյուրըմբռնման հետևանքով բազմաթիվ եզրեր սխալ են կիրառվում, ինչը բարդացնում է դրանց լիարժեք ընկալումն ու այդ հուշարձանները հնարավորինս լայն հասարակությանն ըստ արժանվույն ներկայացնելը: Եզրերի մեկնաբանության անճշտությունները, սխալներն ու տարակարծությունները խոչընդոտում են տարբեր լեզուների ու մշակույթների կրող հետազոտողների միջև մտքերի փոխանակմանը:

Ահա թե ինչու մենք՝ հայ ճարտարապետության ուսումնասիրությամբ ոգևորված դասախոսներս, ուսանողներս և մշակույթի ոլորտի աշխատակիցներս, ելնելով նման ուսումնասիրությունների եզրաբանական դժվարությունների փորձից, որոշեցինք մշակել բառարան, որում կձևակերպվեն ու կբացատրվեն հայ ճարտարապետությանը բնորոշ եզրերը:

Բառարանի յուրահատկությունները

Ա) Այս փուլում բառարանը դեռևս ներկայանում է երկլեզու՝ ֆրանսերեն-արևելահայերեն տարբերակով: Սակայն հետագայում նախատեսվում է այն դարձնել բազմալեզու՝ լրացնելով առաջին հերթին արևմտահայերեն, ապա անգլերեն, ռուսերեն, գերմաներեն և այլ լեզուներով:

Բ) Առայժմ բառարանի խմբագիրները ջանացել են նախ գտնել հայ ճարտարապետությանը հատուկ տարրերին համապատասխանող հստակ եզրերը, երկրոդ՝ դրանք սահմանել պարզ, մանրակրկիտ և ամբողջական կերպով, երրորդ՝ վեր հանել առաջին երկու լեզուներում առկա հնարավորինս ճշգրիտ ու ընկալելի համարժեք եզրերը:

Գ) Բառարանն անպայման ներառում է նկարազարդումների մի ընդարձակ բաժին, քանի որ պատկերները էական նշանակություն ունեն բավականին ինքնատիպ ու բարդ ոլորտի առնչվող եզրերի ամբողջական ընկալումն ապահովելու համար։ Ուստի բառարանի գրեթե յուրաքանչյուր գլխաբառի տեքստային բացատրությանը կից ներկայացվում են լուսանկարներ, հատակագծեր, գծագրեր, որոնք ուղեկցվում են մանրամասն բացատրություններով:

Դ) Չբացառելով երբևէ տպագրելու հեռանկարը՝ առայժմ բառարանը հասանելի է առցանց, ինչը հնարավորություն է տալիս ցանկացած պահի այն լրամշակել ու թարմացնել։ Յուրաքանչյուր ընթերցող կարող է առաջարկել շտկումներ և լրացումներ։

Բառարանի նպատակները

Գիտությունը ձգտում է վեր հանել և մանրամասնորեն ուսումնասիրել պահպանված շինությունները՝ ջանալով հնարավորինս հստակ նկարագրել դրանց առանձնահատկությունները և կատարել արժանահավատ վերլուծություններ։ Այս առաքելությունն իրականացնելու համար անհրաժեշտ է հստակ սահմանված բառապաշար, որ բոլորը նույն կերպ կընկալեն։

Սույն բառարանի հեղինակները հույս ունեն, որ այն կդառնա ուսումնասիրություններն ու փոխանակումները դյուրացնող և խթանող գործիք թե՛ սկսնակ, թե՛ փորձառու հետազոտողների համար։ Հուսով ենք նաև, որ մշակութային ժառանգության պահպանման և զբոսաշրջության ոլորտի աշխատակիցները, ինչպես նաև հայ արվեստով հետաքրքրվող յուրաքանչյուր անձ, այստեղ կգտնեն բանալիներ, որոնք թույլ կտան ավելի լավ հասկանալ ու ճանաչել, հետևաբար ավելի լավ ներկայացնել, պաշտպանել ու պահպանել Հայաստանի և միջնադարյան աշխարհի մշակույթի ամենահարուստ բաժիններից մեկը։

Խնդրում ենք Ձեր դիտողությունները, քննադատություններն ու առաջարկություները հայտնել հետևյալ հասցեին՝ patrick.donabedian@univ-amu.fr